ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդ» միավորումը փետրվարի 21-ին դարձավ կուսակցություն: Միավորման հիմնադիր համագումարում կուսակցություն հիմնելու որոշումն ընդունվեց միաձայն։ «Իմ նախաձեռնության մեկնարկից հետո երկու հիմնական թեզեր հրապարակ նետվեցին, ՕԵԿ-ը հեղինակազրկված է, գնում է անվան փոփոխության, և Արթուր Բաղդասարյանին միանում են չեղած մարդիկ և կուսակցություններ: Եթե ՕԵԿ-ը հեղինակազրկված է, ինչպե՞ս է արդեն 20 տարի Ազգային ժողովում: Սա է հեղինակության իրական գնահատականը: Հիմա անվան մասին. ես սիրում եմ «Օրինաց երկիր» անվանումը, սակայն մենք միահամուռ որոշեցինք միավորվել և ստեղծել նոր ուժ, նոր միավորում: Ինչ վերաբերում է չեղած կուսակցությունների և մարդկանց մասին տեղեկություններին, ապա ասեմ՝ մեզ միացել է 40-50 հազար մարդ, մեզ միացած ցանկացած կուսակցությունում կան 2-3 հազար մարդ»,- ասաց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Նա կոչ արեց համախմբվել և պայքարել հայկական վերածննդի համար: Համագումարում կուսակցության նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը։ Համագումարին չեն մասնակցել այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: